ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Համաշխարհային օրակարգն արդեն իսկ փոխված է

Համաշխարհային օրակարգն արդեն իսկ փոխված է
14.05.2025 | 14:09

Մոտակա օրերին Միջին Արևելքում տեղի ունենալիք Դոնալդ Թրամփի պաշտոնական այցերը կանխորոշելու են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների լուծումը:

Այցը սկսվեց Սաուդյան Արաբիայից, շարունակվելու է Քուվեյթում և ԱՄԷ-ում:

Սրան զուգահեռ՝ մայիսի 14-15-ին Ստամբուլում կայանալու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Սպասվում է Պուտին-Զելենսկի հանդիպում, չնայած ռուսական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի Պուտինի փոխարեն ավելի ցածր դասի պաշտոնյա հանդիպի Զելենսկու հետ:

Ռուսական կողմը առևտուր է առաջարկում իր պայմաններով:

Սակայն, Թրամփի այցը Միջին Արևելք կարող է ռուսական խաղաքարտերի հիմնական մասը զրոյացնել: Եթե Սաուդյան Արաբիան ամերիկացիների հետ գա համաձայնության և իջեցնի նավթի գները, ռուսական կողմը կհայտնվի ծանր կացության մեջ: Սա ճնշում է նաև Իրանի վրա: Բացի դա, ԵՄ-ն արդեն իսկ Պուտինին ներկայացրել է վերջնաժամկետ՝ 30-օրյա զինադադար կնքելու վերաբերյալ, հակառակ դեպքում խոստանալով ռուսական ստվերային նավատորմի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառել:

Սաուդյան Արաբիայում հնարավոր է տեղի ունենա հանդիպում Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաաի հետ: Թրամփը գործարքի պատրաստ պրագմատիկ բիզնեսմեն է: Ահմեդ ալ-Շարաան արդեն առաջարկել է Դամասկոսում Թրամփի երկնաքեր կառուցել: Սիրիան, Սաուդյան Արաբիայի և մասամբ Թուրքիայի ազդեցության ներքո, բայց հիմնականում ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվելով, սկսելու է զարգանալ և վերածվել տարածաշրջանային բալանս ապահովող կարևոր գործոնի: Սաուդները ոչ մի կերպ չեն համաձայնելու Սիրիան Թուրքիայի ու Իսրայելի քմահաճությանը թողնելու մտքին:

Սիրիան կարևոր դեր է ստանալու նաև ԱՄՆ-ի ու Քաթարի միջև սկսվելիք բանակցություններում: Ամերիկացիները, ամենայն հավանականությամբ, կաջակցեն վաղուց սառեցված Քաթար-Եվրոպա գազատար կառուցելու ծրագրին: Քաթարը ահռելի գազի պաշարներ ունի: Տարանցիկ ճանապարհը կարող է անցնել միայն Սիրիայով: Սիրիական պատերազմի հրահրման պատճառներից մեկը դա էր: Ռուսներին ու պարսիկներին ձեռնտու էր Սիրիան ռազմական պոլիգոնի վերածելը, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Սիրիան վերածվի ավերակների՝ հանդես գալով որպես Սիրիայի դաշնակից: Քաթարից խողովակաշարով գազը դեպի ԵՄ հասնելու ծրագիրը վտանգավոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար: Առայժմ Քաթարը իր հիմնական գազը արտահանում է հեղուկ տեսքով, սակայն խողովակաշարը ավելի կարևոր է: ԱՄՆ-ը հեղուկ գազի խոշոր արտահանող է, սակայն այժմ ամերիկացիները փորձում են իրենց ձեռքը վերցնել դեպի ԵՄ գործող բոլոր խոշոր գազատարերը, այդ թվում՝ ռուսական «Հյուսիսային հոսքը» և «Թուրքական հոսքը»: Ահա ռուս-ամերիկյան առևտրի հիմնական ոլորտներից մեկը, ինչը կարող է չեզոքացվել Քաթարում:

Այս մեծ խաղում Թուրքիան ունի իր հետաքրքրությունները: Թուրքերին, որպես բոնուս, լուծարվեց Քրդական բանվորական կուսակցությունը: Տասնամյակներ շարունակ քրդերին Թուրքիայի դեմ օգտագործել են թե՛ ռուսները, թե՛ Իսրայելն ու նույն ամերիկացիները: Բայց ժամանակները փոխվել են, ի՞նչ բանվորական կուսակցության մասին է խոսքը: Դա ԿԳԲ-ի ստեղծած տրոցկիստական հոսանքներից մեկն էր, որին նաև մշտապես փորձել են ներգրավել հայերին, չնայած հայկական և քրդական շահերը տրամագծորեն իրարից տարբեր են եղել:

Հայաստանին ձեռնտու են վերը նշված էներգետիկ ծրագրերը: Եթե դրանք իրագործվեն, էժան նավթի ու գազի պարագայում Ադրբեջանը բոլորովին այլ երկիր կդառնա: Ադրբեջանական գազի ու նավթի արտահանման աշխարհագրությունը էականորեն կփոխվի, ամենագրավիչ շուկան կդառնան հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը:

Սրանք Միջին Արևելքի հետ կապված հարցերի փոքր մասն են: Կան Իսրայելի, Իրանի, Պաղեստինի և, իհարկե, Չինաստանի հարցերը, որոնք փոխկապակցված են:

Պատահական չէ, որ Թրամփի արտասահմանյան առաջին պաշտոնական այցը հենց Սաուդյան Արաբիայից է սկսվում:

Թրամփի պարագայում մեկ կարևոր ԼԱՎ հանգամանք կա, բիզնեսմենը կռիվ չի սիրում, խույս է տալիս կռվից, լավ բիզնեսմենը փող աշխատելու բազմաթիվ ձևեր գիտե, պատերազմների շահավետության մասին թեզերը հորինվածք են, հորինվել են «քաղաքական գործիչ» կոչվող ձրիակեր ստահակների և նրանց տերերի կողմից:

Համաշխարհային օրակարգն արդեն իսկ փոխված է և փոխվում է օր օրի: Դիկտատորների ու խամաճիկ կառավարիչների ժամանակները կավարտվեն աննկատ: Խաղաղությունը նրանց հակացուցված է:

Արա Արայան

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ